Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասով պատժի սպառնալիքով արգելված արարք՝ հանցանք է համարվում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, այսինքն՝ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:
Նախ անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պարզել, թե ովքեր են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ենթակա քրեական պատասխանատվության, այսինքն՝ հանդիսանում հանցագործության սուբյեկտ:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով նկարագրված հանցակազմը բլանկետային է, ինչը նշանակում է, որ բացահայտելու համար, թե որ արարքն է հանդիսանում ապօրինի ձեռնարկատիրություն՝ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեությունը, կամ ընդհանրապես՝ ինչ է ձեռնարկատիրական գործունեությունը, պետք է ուղղորդվել նշված հասարակական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ, տվյալ պարագայում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով, ինչպես նաև անպայմանորեն դրան ավելացրած՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքրոշումներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով տրվել է ձեռնարկատիրական գործունեության հասկացությունը: Մասնավորապես՝ օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ցանկացած ֆիզիկական անձ, ով լրիվ ծավալով ձեռք է բերել գործունակություն, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝
<<1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:
2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: (…):>>:
Վերոգրյալից հետևում է, որ ձենարկատիրական գործունեությամբ կարող են զբաղվել այն ֆիզիկական անձինք, ում 18 տարին լրացել է, կամ 16 տարին լրացած անչափահասը, ով ծնողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Թյուրիմացություններից և սխալ մեկնաբանություններից խուսափելու նպատակով անհրաժետ է նշել, որ ֆիզիկական անձը, բացի գործունակ լինելուց, օրինական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պետք է պահպանի ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված մի շարք պայմաններ, որոնց անտեսման պարագայում նրա գործունեությունը չի կարող համարվել օրինական:
Մասնավորապես՝ գործունակ ֆիզիկական անձն իր ձեռնարկատիրական գործունեությունն օրինական իրականացնելու համար պետք է նախ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր կամ գրանցի որևէ տեսակի առևտրային կազմակերպություն (ՍՊԸ, ԼՏԸ, ԲԲԸ, ՓԲԸ, առևտրային կոոպերատիվ և այլն), հաշվառվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում որպես հարկատու՝ ստանալով հարկ վճարողի հարկային հաշվեհամար (ՀՎՀՀ), իսկ այն գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում, որոնց պարագայում պարտադիր չի համարվում անհատ ձեռնարկատեր հաշվառվելը կամ առևտրային կազմակերպություն գրանցելը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում հաշվառվել՝ որպես հարկատու՝ ստանալով հարկ վճարողի հարկային հաշվեհամար:
Խիստ կարևոր խնդիր է հանդիսանում և արարքի ճիշտ որակման համար մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով տրված սահմանումը, որի համաձայն, հիշեցնենք, որ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Այսինքն վերոգրյալից միանշանակ կարելի է հասկանալ, որ նույնիսկ մեկանգամյա գործունեությունը, որն իրականացվել է շահույթ ստանալու նպատակով, կարող է որակվել որպես ձեռնարկատիրական գործունեություն:
Խնդրի ճիշտ պատասխանը ստանալու և օբյեկտիվ հետևության գալու համար անհրաժեշտ է անդրադառնալ որոշ հանգամանքների:
Նախ հարց է առաջանում, թե իր սեփական գույքը 1 անգամ վաճառած անձը, ով այդ գործարքից միանշանակ ակնկալում է որոշակի շահույթ և գույքը վաճառում է շահույթ ստանալու նպատակով, արդյոք չի՞ իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն:
Եթե հարցը դիտենք միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով տրված սահմանման շրջանակներում, ապա այդ իմաստով միանշանակ այդ գործարքը պետք է դիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն:
Այսինքն, ցանկացած անձ, ով ցանկացած պատճառով թեկուզ և մեկ անգամ որոշել է վաճառել իր սեփականությունը հանդիսացող գույքը, այդ թվում՝ սեփական բնակարանը, ավտոմեքենան, հագուստը, կոսմետիկան և այլն, և ակնկալում է այդ գործարքից շահույթ, պետք է դիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ:
Սակայն տվյալ պարագայում խնդիրը միանշանակ չէ:
Մասնավորապես, դեռևս 14.05.1997թ. ընդունված և 01.01.2018թ. ուժը կորցրած <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքի՝ մինչև 01.01.2013թ. գործած խմբագրությամբ, 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ տրվել է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ սահմանումը. <<Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը:>>:
Վերոգրյալից ակնհայտ է, որ <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքով տրված սահմանումն էականորեն տարբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով տրված սահմանումից:
Մասնավորապես էական տարբերությունը կայանում է նրանում, որ <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում ոչ թե շահույթ ստանալու նպատակով իրականացվող ցանկացած գործունեություն, այլ պարպերաբար իրականացվող տնտեսական գործունեություն: Իսկ նույն հոդվածի համաձայն՝ տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:
Այս պարագայում նաև անհրաժեշտություն է առաջանում վերլուծել <<պարբերաբար>> հասկացությունը:
Հայերեն բացատրական բառարանի համաձայն՝ <<պարբերաբար>> նշանակում է որոշ ժամանակի ընթացքում շրջան կատարելով՝ կրկնվելով, կանոնավորապես, սիստեմատիկաբար (աղբյուր՝ Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան. Երեւան: Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչություն (1944): էջ 1843):
Այսինքն, տվյալ պարագայում մեկանգամյա գործարքը, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքի համաձայն, որևէ կերպ չէր կարող դիտվել ձեռնարկատիրական գործունեություն:
Հատկանշական է, որ իրավակիրառ պրակտիկայում թե՛ ՀՀ հարկային մարմինը, թե՛ իրավապահ մարմինները, այդ թվում՝ քննչական մարմինները, դատախազությունը և դատարանները, ուղղորդվում էին <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքով տրված սահմանմամբ:
Որպես հիմնավորում ցանկանում եմ մեջբերել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ 3-1161(ՏԴ) քաղաքացիական գործով կայացված որոշումը, որի համաձայն՝ <<Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիuկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք oգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ uտանալն է։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով տալ ձեռնարկատիրական գործունեությունը սահմանող վերը հիշատակված նորմի մեկնաբանությունը սույն գործի փաստերից ելնելով։
Ձեռնարկատիրական գործունեությունը բնորոշող վերը թվարկված հատկանիշների սահմանափակ մեկնաբանությունը հնարավորություն չի ստեղծում ամբողջությամբ բացահայտելու ձեռնարկատիրական գործունեության էությունը, քանի որ յուրաքանչյուր գործունակ անձ իր գործողություններն իրականացնում է ինքնուրույն, բնականաբար` կրելով դրանց հետևանքների ռիսկը։ Փաստորեն, վերը նշված հոդվածի սահմանափակ տառացի մեկնաբանության արդյունքում անձի ցանկացած գործունեություն, որի արդյունքում վերջինս եկամուտ է ստանում (այդ թվում նաև քաղաքացու կենցաղային գործարքները) կարող է մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեության տարր։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանության նման կանոնի (սահմանափակ տառացի մեկնաբանություն) կիրառման արդյունքում առաջանում է մարդու և քաղաքացու՝ միջազգային իրավական փաստաթղթերով, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ իր գույքից անարգել օգտվելու, սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու, տնoրինելու իրավունքի սահմանափակման իրական վտանգ։
Միաժամանակ, վճռաբեկ դատարանը սույն օրինադրույթը մեկնաբանելիս հաշվի է առնում այն ժամանակշրջանի հասարակական հարաբերությունների, այդ թվում նաև` ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, զարգացման և հասարակական իրավագիտակցության մակարդակը, երբ օրենսդիրն ընդունել է նման կարգավորումը (1999 թվական)։ Այս տրամաբանությունից ելնելով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ձեռնարկատիրական գործունեության` քաղաքացիական օրենսգրքում օրենսդրի տված սահմանման մեկնաբանությունը տալիս հաշվի առնել նաև այլ օրենքներում արտացոլված օրենսդրի դիրքորոշումը նույն կամ համասեռ հարաբերություններ կարգավորելիս։
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) uտանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեuական գործունեությունը։ Նույն հոդվածի համաձայն՝ տնտեuական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց։ Այսինքն, օրենսդիրը տարանջատել է ձեռնարկատիրական գործունեությունը տնտեսական գործունեությունից՝ ընդհանրապես, այն դիտարկելով որպես ընդհանուրի և մասնավորի հարաբերակցություն։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ հարկային oրենuդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի oտարումը, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի։ Այսինքն՝ օրենսդիրը հարկային օրենսդրության կիրառման մասով քաղաքացիների անձնական գույքի օտարումը՝ բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի, ձեռնարկատիրական գործունեություն չի համարում։
(…) Այսինքն՝ օրենսդիրը առևտրային կազմակերպություններում մասնակցությունը, գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու արդյունքում եկամտի ստացումը չի դիտում որպես ձեռնարկատիրական գործունեություն և բաժնետեր քաղաքացիական ծառայողների համար սահմանում է ընդամենը որոշակի սահմանափակումներ։
(…) Այսպիսով, վերը հիշատակված փաստարկների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև՝ ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշներըի առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.
1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,
2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,
3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,
4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,
5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին,
6. այլ առանձնահատուկ հատկանիշներ։
Ելնելով սույն գործի փաստերից և ձեռնարկատիրական գործունեության վերը նկարագրված մեկնաբանությունից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բաժնետեր քաղաքացու կողմից իր բաժնետոմսերի օտարումն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեություն։>>:
Հետագայում՝ 19.12.2012թ. ընդունված <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-240-Ն ՀՀ օրենքով <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը խմբագրվեց, որի արդյունքում ձեռնարկատիրական և տնտեսական գործունեության վերաբերյալ սահմանումները հանվեցին օրենքից:
Ներկայումս ձեռնարկատիրական գործունեության սահմանումը տրված է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածով, իսկ ՀՀ հարկային օրենսգրքով տրված բազմաթիվ կարգավորումներով փորձ է արվել սահմանազատել ձեռնարկատիրական գործունեության տեսակները ոչ ձեռնարկատիրականից:
Այսպիսով, եթե նախկինում առկա էր որոշակի հիմնավորում, թե ինչու մեկանգամյա գործունեությունը չի կարող դիտվել որպես ձեռնարկատիրական, ապա ներկայումս բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք բոլոր տեսակի շահույթ հետապնդող գործարքներն են համարվում ձեռնարկատիրական գործունեություն, թե՝ ոչ, եթե՝ ոչ, ապա՝ ի՞նչ հիմնավորումներով:
Խնդիրն առավել լավ պատկերացնելու համար բերենք հետևյալ օրինակը.
18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձն արտերկրից անձնական օգտագործման նպատակով մեկ անգամ ՀՀ տարածք է ներմուծում բարձրարժեք բրենդային հագուստ, սակայն, առանց այն օգտագործելու, վաճառում է, որից հետո այլևս նմանատիպ գործարք չի իրականացնում:
Մեկ այլ դեպքում ֆիզիկական անձը կրկին մեկ անգամ ՀՀ տարածք է ներմուծում մի քանի շարժակազմ իր կողմից գնված և իր սեփականությունը հանդիսացող փայտանյութ և այն վաճառում է, որից հետո այլևս նմանատիպ գործարք չի իրականացնում:
Կարծում եմ վերը նկարագրված օրինակներում ակնհայտ է, թե որը կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեություն և որը՝ ոչ:
Անհրաժեշտ է անդրադառնալ այն դեպքերին, երբ անձը, լինելով հաշվառված որպես անհատ ձեռնարկատեր կամ գրանցելով առևտրային կազմակերպություն, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն հանդես է գալիս ոչ թե որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության ներկայացուցիչ, այլ՝ որպես ֆիզիկական անձ և իր գործունեությունը ներառված չէ անհատ ձեռնարկատիրոջ կամ առևտրային կազմակերպության գործունեության և շրջանառության մեջ: Հարց է առաջանում, թե այս պարագայում նրա արարքը կարո՞ղ է դիտվել որպես առանց պետական հաշվառման կամ գրանցման իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, թե՝ ոչ:
Տվյալ հարցի պատասխանը մասնակիորեն տրված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Այսպես.
2001 թվականի ապրիլի 1-ին ընդունված՝ <<Անհատ ձեռնարկատիրոջ մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:
Այսինքն, եթե ֆիզիկական անձը հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ նաև Ա/Ձ), ապա նրա ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն պետք է դիտվի որպես Ա/Ձ-ի կողմից իրականացված, եթե Ա/Ձ-ն լուծարված չէ:
Իսկ ինչպե՞ս որակել նրա գործունեությունը, եթե Ա/Ձ-ի գործունեությունը կասեցված կամ ժամանակավորապես դադարեցված է, սակայն Ա/Ձ-ն լուծարված չէ:
Տվյալ պարագայում ևս ֆիզիկական անձի գործունեությունը պետք է դիտվի որպես Ա/Ձ-ի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեություն և որևէ պարագայում չի կարող որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Ինչ վերաբերվում է առևտրային կազմակերպություններին, ապա դրանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նման կարգավորում տրված չէ:
Տրամաբանությունը կայանում է նրանում, որ ֆիզիկական անձը, հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր, մինչև դրա լուծարումն այլևս չի կարող երկրորդ անգամ միաժամանակ հաշվառվել նույն կարգավիճակով՝ որպես անհատ ձեռնարկատեր և իր անվամբ ունենալ երկու կամ ավելի Ա/Ձ: Ի տարբերություն դրան, ֆիզիկական անձը կարող է հանդիսանալ միաժամանակ մի քանի առևտրային կազմակերպությունների՝ իրավաբանական անձանց հիմնադիր կամ համահիմնադիր կամ մասնակից կամ բաժնետեր և այլն:
Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս որակել առևտրային կազմակերպության հիմնադիր հանդիսացող ֆիզիկական անձի այն առևտրային գործունեությունը, որը չի ներառվել այդ կազմակերպության գործունեության մեջ:
Տվյալ հարցին հստակ պատասխանելու համար որպես ելակետ վերցնենք մի քանի իրավիճակներ.
1. Ֆիզիկական անձը միաժամանակ հադիսանում է առևտրային կազմակերպության միակ մասնակիցը կամ բաժնետերը (բաժնեմասերի 100% սեփականատեր) ու տնօրենը,
2. Ֆիզիկական անձը հանդիսանում է կազմակերպության միակ մասնակիցը կամ բաժնետերը, սակայն տնօրենը մեկ այլ անձ է,
3. Ֆիզիկական անձը հանդիսանում է առևտրային կազմակերպության բաժնեմասերի որոշակի մասի, սակայն օրենքով նախատեսված որոշիչ չհանդիսացող քանակի համասեփականատեր:
Առաջին երկու օրինակներում ֆիզիկական անձի այն ձեռնարկատիրական գործունեությունը, որը չի ներառվել կազմակերպության գործունեության, շրջանառության մեջ, չի կարող դիտվել՝ որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Տրամաբանությունը կայանում է նրանում, որ նա է փաստացի հանդիսանում այդ կազմակերպության գործունեության համար պարտադիր ցուցումներ տվող, ֆինանսական միջոցները տնօրինող, գործունեության ուղղությունը՝ ստրատեգիան որոշող միակ անձը, նա է նշանակում ընկերության տնօրենին՝ ով իր գործողությունների համար հաշվետու է միայն մի անձի՝ կազմակերպության բաժնեմասերի 100% սեփականատիրոջը:
Ի տարբերություն դրան՝ բերված օրինակներից երրորդի պարագայում ֆիզիկական անձի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը, որը ներառված չէ առևտրային կազմակերպության գործունեության և շրջանառության մեջ, պետք է դիտվի որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Բացատրությունը պարզ է և, կարծում եմ, տրամաբանական, քանի որ տվյալ պարագայում ֆիզիկական անձը թեև հանդիսանում է առևտրային կազմակերպության բաժնեմասերի համասեփականատեր, սակայն դրանք այն չափի չեն, որպեսզի նա ունենա որոշիչ ձայնի իրավունք:
Առավել հստակեցնելու համար որպես օրինակ բերեմ 2001 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ <<Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին>> ՀՀ օրենքը, որի 12-րդ հոդվածի համաձայն՝
<<Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`
ա) սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը.
բ) ստանալ տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ. (…):>>:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
<<1. Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ: Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին, մասնակցել օրակարգի հարցերի քննարկմանը և քվեարկել որոշումներ ընդունելիս:
Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ ընկերության մարմինների կողմից մասնակիցների սույն կետով սահմանված իրավունքները սահմանափակող դրույթներն անվավեր են:
Ընկերության յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ժողովում ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասին համապատասխան ձայների քանակ:>>:
Օրենքի 2-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ ընդհանուր ժողովի բացառիկ լիազորություններն են ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ինչպես նաև կազմակերպություններ հիմնադրելու կամ նրանց մասնակցելու հարցերը:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, հանգում ենք հետևության, որ՝
- Որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեությունը, որը ներառված չէ Ա/Ձ-ի գործունեության շրջանառության մեջ և որի Ա/Ձ-ն լուծարված չէ, չի կարող որակվել որպես առանց պետական հաշվառման իրականացված գործունեություն,
- առևտրային կազմակերպության միակ մասնակիցը (բաժնեմասերի 100% սեփականատեր) հանդիսացող ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեությունը չի կարող որակվել որպես առանց պետական գրանցման իրականացված գործունեություն,
- առևտրային կազմակերպության բաժնեմասերի որոշիչ չհանդիսացող չափով համասեփականատեր ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեությունը պետք է որակվի որպես առանց պետական հաշվառման կամ գրանցման իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Առանց հատուկ թույլտվության, առանց լիցենզիայի, առանց ծանուցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որակման որոշ առանձնահատկություններ
Օբյեկտիվորեն անհրաժետություն է առաջանում նաև քննարկել այն դեպքերը, երբ անկախ պետական հաշվառում կամ գրանցում ունենալուց արարքը կարող է որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Դրանք սպառիչ կերպով թվարկված են 281-րդ հոդվածի 1-ին մասով.
- առանց հատուկ թույլտվության գործունեություն իրականացնելը,
- առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը,
- առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու նշված գործունեությամբ զբաղվելը,
- օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը,
- առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը:
Վերոգրյալը նշանակում է, որ բացի հոդվածում նկարագրված դեպքերից, ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որևէ այլ պարագայում արարքը չի կարող որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որքան էլ որ այն հատկանիշներով նման լինի հոդվածում նկարագրված արարքին: Քրեական օրենքի հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը բլանկետային է՝ հետևաբար բացահայտելու համար, թե որ դեպքերում է որոշակի ձեռնարկատիրական գործունեության համար պահանջվում հատուկ թույլտվություն, լիցենզիա, ծանուցում կամ թույլտվություն, պետք է ուսումնասիրել համապատասխան ոլորտը կարգավորող օրենսդրությանը:
Հարկ է նշել, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ապօրինի ձեռնարկատիրություն էր համարվում առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը:
Այսինքն նախկին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ձեռնարկատիրություն չէին համարվում առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու նշված գործունեությամբ զբաղվելը և առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը:
Վերլուծելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի կիրառման պրակտիկան, ինչպես նաև ներկայումս գործող Օրենսգրքի 281-րդ հոդվածի սխալ կիրառումից ու արարքը սխալ որակելուց զերծ մնալու նպատակով՝ անհրաժեշտ է վերլուծել դրանում առկա հասկացությունները:
Օրինակ՝ որոշ քննիչների, դատախազների, ինչու ոչ, նաև դատավորների կողմից <<Լիցենզավորում>>, <<հատուկ թույլտվություն>>, <<թույլտվություն>> կամ <<ծանուցում>> հասկացությունները նույնականացվում են, իսկ հաճախ առավել լայն են մեկնաբանվում, ինչի արդյունքում արաքը սխալ է որակվում:
Օրինակ՝ շատ են եղել դեպքեր և նույնիսկ ներկայումս էլ առկա են այդպիսիք, երբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ծառայությունները, քննչական մարմինները և դատախազությունը որպես լիցենզավորման ենթակա գործունեություն են դիտում այնպիսի գործունեույան տեսակները, որոնք ընդհանրապես լիցենզավորման ենթակա չեն:
Պատահել է, երբ հեստապար (ստրիպտիզ) ցուցադրող օբյեկտների գործունեությունը որակվել է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն: Մինչդեռ իրականում այդ գործունեությունը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը կարգավորվում էր <<Արտոնագրային>> վճարի մասին ՀՀ օրենքով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ՀՀ հարկային օրենսգրքով՝ որպես հարկման ենթակա գործունեության տեսակ, ինչպես նաև <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքով և որևէ առնչություն չունի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հետ:
Բացի այդ, իրավապահ մարմինների կողմից սխալ էին մեկնաբանվում և նույնականացվում էին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված հատուկ թույլտվություն և լիցենզիա հասկացությունները, ինչը, իմ կարծիքով, հոդվածում տրված սխալ ձևակերման հետևանք էր՝ <<(…) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը (…):>>, մի շարք դեպքերում էլ թույլտվությունը հավասարեցվում էր հատուկ թույլտվության:
Մասնավորապես որպես օրինակ կարելի է նշել հետևյալ դեպքերը.
Օգտակար հանածոյի արդյունահանման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է պետական լիազոր մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին տրված համապատասխան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության առկայություն: Մինչդեռ մինչև 2016-2017 թվականները թե՛ ՀՀ պետական եկամուտների համապատասխան ծառայությունների, թե՛ քննչական մարմինների, այդ թվում՝ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, և թե՛ ՀՀ դատախազության կողմից առանց այդ թույլտվության ընդերքի արդյունահանումը որակվում էր որպես ապօրինի ձեռնարկատիրություն՝ այն նույնականացնելով առանց հատուկ թույլտվության գործունեության հետ, չնայած այդ ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝ առանց թույլտվության ընդերքի արդյունահանումը ներառված չէր արարքի նկարագրության մեջ՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր հատկանիշ: Միայն ՀՀ գլխավոր դատախազության այդ ժամանակ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված գործերով վարչության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության աշխատակիցների ուսումնասիրությունների արդյունքում այդ սխալը շտկվեց, և արարքները սկսեցին ճիշտ որակվել՝ բացառելով առանց թույլտվության ընդերքի օգտագործման դեպքերի որակումը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, արձանագրենք, հետևյալը.
- Թույլտվություն, հատուկ թույլտվություն, լիցենզիա, ծանուցման ենթակա գործունեություն հասկացությունները չեն նույնականանում:
- Նշված գործունեության տեսակները կարգավորվում են առանձին օրենքներով, մասնավորապես՝
· լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները թվարկված են <<Լիցենզավորման մասին>> և <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքներով,
· ծանուցման ենթակա գրծունեության տեսակները՝ <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> և <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքներով,
· հատուկ թույլտվության գործունեության տեսակը նախատեսված է <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքով,
· թույլտվության ենթակա գործունեության տեսակները՝ <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքով և համապատասխան թույլտվության ենթակա գործունեության տեսակը կարգավորող օրենքներով:
- ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով չնշված որևէ այլ արարք չի կարող որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ քննիչների և դատախազների կողմից կազմվող փաստաթղթերում անձին մեղսագրվող ապօրինի ձեռնարկատիրության արարքի նկարագրություններին: Շատ դեպքերում քննիչներն ու դատախազներն անձին մեղսագրվող արարքն առավել բազմակողմանի, բովանդակալից և հիմնավոր նկարագրելու մղումով դրդված, օրինակ, առանց լիցենզիայի իրականցված ապօրինի ձեռնարկատիրական գործությունը նկարագրում են որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա օրենքով արգելված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մինչդեռ, իրականում անձը կատարել է միայն առանց լիցենզիայի լիցենզավորման ձենարկատիրական գործունեություն, իսկ տվյալ գործունեությունն արգելված չէ օրենքով: Այսինքն նրա արարքը պետք է որակվի միայն որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում՝ դրան չկցելով օբյեկտիվ կողմի բացակայող այլ հատկանիշներ:
Նույնը վերաբերվում է նաև այն դեպքերին, երբ արարքը որակվում է միաժամանակ առանց թույլտվության կամ առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա արարք կատարել, այն պայմաններում, երբ անձը կատարել է հիշյալներից միայն մեկը: Այսինքն քննիչներն ու դատախազները շատ դեպքերում նույնացնում են առանց հատուկ թույլտվության, առանց թույլտվության, առանց ծանուցման, առանց լիցենզիայի և օրենքով արգելված գործունեություն հասկացությունները, մինչդեռ, ինչպես նշվեց, դրանք միանգամայն տարբեր արարքներ են և պետք է հստակ նշվի, թե անձին ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով նշված օբյեկտիվ կողմի որ արարքի կատարումն է մեղսագրվում:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված ապօրինի ձեռնարկատիրության հանցակազմի նկարագրության մեջ որպես օբյեկտիվ կողմի հատկանիշ նախատեսված չէին առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը և առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը:
Տվյալ պարագայում, բնականաբար, մինչև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելն առանց ծանուցման և առանց թույլտվության ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը չի կարող որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
Այս կանոնից բացառություններ օրենսդիրը չի նախատեսել:
Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաև 281-րդ հոդվածով նախատեսված՝ <<օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն>> հասկացությանը:
Ինչպես նշվեց, օրենքով արգելված գործունեությունն ամենևին չի նշանակում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության, առանց հատուկ թույլտվության կամ առանց թույլտվության կամ առանց ծանուցման գործունեության իրականացում:
Օրենսգրքի 281-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ արգելված գործունեության տեսակները պետք է հստակ նշված լինեն օրենքով և ոչ թե որևէ ենթաօրենսդրական ակտով և դրա բացակայության դեպքում գործունեության որևէ տեսակ որպես օրենքով արգելված ապօրինի ձեռնարկատիրական գոծունեություն որակելը կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:
Իրավակիրառ պրակտիկայում հաճախ օրենքով արգելված գործունեությունը հավասարեցվում կամ նույնացվում է 281-րդ հոդվածով նշված՝ օբյեկտիվ կողմի մյուս հատկանիշներին՝ առանց պետական հաշվառման կամ գանցմ,ան, առանց լիցենզիայի և այլն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուց, սակայն դա սխալ է:
(ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ և 409-րդ հոդվածներ)
Իրավակիրառ պրակտիկայում հաճախ հարց է առաջանում, թե իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելը կամ իրացնելը կամ իրացման նպատակով կեղծ արժույթ կամ արտարժույթ պատրաստելը կամ իրացնելը չե՞ն հանդիսանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Դրա միանշանակ պատասխանը բացասական է: Վերը թվարկված արարքները չեն կարող որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, քանի որ, եթե նույնիսկ դրանք իրականացվեն պետական հաշվառում կամ գրանցում ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից, միևնույն է ոչ մի պարագայում չեն կարող դիտվել օրինական՝ պետությունը ոչ մի պարագայում ոչ մի փաստաթղթով չի կարող դիտել այդ գործունեության տեսակներն օրինական:
Այսինքն, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կարող է որակվել միայն այն գործունեությունը, արարքը, որն իրականացվել է օրենքով նախատեսված որոշակի պահանջների ու պայմանների խախտմամբ, իսկ դրանց պահպանման դեպքում այն կդիտվեր օրինական: Տվյալ պարագայում կեղծ ալկոհոլային խմիչքի պատրաստումն ու իրացումը որևէ դեպքում չի կարող իրականացվել օրինական եղանակով:
Նույնը վերաբերվում է նաև իրացման նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելուն կամ իրացնելուն կամ ձեռք բերելուն և նմանատիպ այլ արարքներին:
(ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդված)
ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք է համարվում առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը:
<<Ընդերքի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործող է համարվում իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություն), որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում:
Վերոգրյալից հետևում է, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է համարվում՝
ընդերքը կամ բնական պաշարներն արդյունահանելն առանց պետական հաշվառման կամ գրանցման,
նշված գործունեությունն օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացնելը, քանի որ ընդերքօգտագործող կարող է հանդիսանալ և անհրաժեշտ թույլտվություն կարող է ստանալ միայն իրավաբանական անձը:
Բացի այդ, արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով է որակվում նաև այն դեպքում, երբ ընդերքօգտագործումն իրակնացվում է իրավաբանական անձի կողմից, որը չունի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն:
Բացի վերը նշվածից, որոշ դեպքերում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կարող է որակվել նաև օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող իրավաբանական անձի գործունեությունը:
Այսպես.
Նշված ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունները քաջատեղյակ են, որ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության մեջ հստակ նշվում է արդյունահանման ենթակա օգտակար հանածոյի տեսակը, որոշակի ժամանակահատվածում արդյունահանման ենթակա օգտակար հանածոյի քանակը և, ամենակարևորը, թույլտվությանը կից տրվող լեռնահատկացման ակտում հստակ նշվում են այն կոորդինատները, որտեղ իրավաբանական անձին թույլատրվում է իրականացնել արդյունահանումը:
Այսինքն, օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնող իրավաբանական անձին տրված թույլտվությամբ նշված պահանջները չպահպանելը՝ նշված քանակից ավել արդյունահանումը, դրանում չնշված այլ օգտակար հանածոյի արդյունահանումը կամ թույլտվությանը կից տրված լեռնահատկացման ակտով նշված կոորդինատներից դուրս արդյունահանման իրականացումը նույնպես որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով՝ որպես առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործել՝ քանի որ կոնկրետ տվյալ տարածքում ընդերքի արդյունահանման թույլտվություն իրավաբանական անձին չի տրվել:
Բացի այդ, իրավաբանական անձին կարող է տրված լինել ոչ թե արդյունահանման թույլտվություն այլ՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման, հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի պաշարների վերագնահատման համար: Նման պարագայում նույնպես արդյունահանման իրականացումը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով՝ որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Մինչև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրական օրենսգրքի ուժի մեջ մտնելն առանց թույլտվության թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը որպես ապօրինի ձեռնարկատիրական գործություն կարող է որակվել միայն այն դեպքում, թե դա իրականացվել է առանց գրանցված առևտրային կազմակերպության և ձեռնարկատիրական գործունեության՝ շահույթ ստանալու նպատակով:
Պրակտիկայում շատ են նաև դեպքերը, երբ օրենքով սահմանված կարգով գրանցված առևտրային կազմակերպությունները, ունենալով օրենքով սահմանված կարգով տրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, լեռնահատկացման ակտով նշված կոորդինատներից դուրս իրականացնում են օգտակար հանածոյի արդյունահանում:
Տվյալ պարագայում արարքի ճիշտ որակման ահամար անհրաժեշտ է պարտադիր կերպով միջոցներ ձեռնարկել՝ որոշելու, թե՝
- հանքարդյունահանումն իրականացվել է տնտեսվարողին տրամադրված կոորդինատների սահմաններու՞մ, թե՝ ոչ,
- հանքարդյունահանումն իրականացվել է տնտեսվարողին թույլատրված չափո՞վ, թե՝ ոչ:
Նշված հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի որոշել, թե առկա՞ է ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով նախատեսված արարք, թե՝ ոչ:
Նշված հարցերը հնարավոր է պարզել մարկշեյդերական (ընդերքի երկրաբանական) ստուգմամբ և փորձաքննությամբ:
Խնդրահարույց են նաև այն դեպքերը, երբ այլ նպատակներով իրականացվող փորման աշխատանքներն իրավապահ մարմինների կողմից որակվում են որպես առանց թույլտվության ընդերքի կամ բնական պաշարների օգտագործում:
Օրինակ՝ անհիմն եղանակով քրեական վարույթներ են նախաձեռնվում և արարքները որակվում են որպես առանց թույլտվության ընդերքի արդյունահանում այն պարագայում, երբ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, ունենալով շինարարական աշխատանքների կատարման համար օրենքով սահմանված կարգով տրված թույլտվություն, իրականացնում է նախագծում ներառված նկուղային հարկի, ձկնաբուծարանի կամ այլ օբյեկտի շինարարություն, կամ այնպիսի այլ շինարարություն, որը չի կարող կատարվել առանց ընդերքի փորման աշխատանքների:
Ցավոք սրտի այսօր պրակտիկայում կան դեպքեր, երբ նման աշխատանքները նույնպես որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով՝ առանց հաշվի առնելու շինթույլտվության առկայությունը և կատարվող աշխատանքների նպատակը: Վարույթն իրականացնող մարմինն առանց համապատասխան մարկեյդերական ստուգման ակտի և փորձագիտական եզրակացության արարքը որակում է որպես առանց թույլտվության ընդերքի արդյունահանում՝ չպարզելով նույնիսկ, թե այդ կոնկրետ փորված վայրում ընդհանրապես առկա՞ է օգտակար հանածոյի բնական պաշար, թե՝ ոչ:
Այսինքն, նշված տրամաբանությամբ ցանկացած անձ, ով որոշել է իր տանը նկուղ փորել, կամ այն գյուղացին, ով իր հողատարածքում մթերքների պահպանման համար հոր է փորում, կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածով, ինչն առնվազն աբսուրդ է: